ԳլխավորԽճանկար

Ինչ է լինում, երբ սուրճ եք խմում ուտելուց մեկ ժամ հետո

Ուտելուց մեկ ժամ անց մեկ գավաթ սուրճն օգտակար է  օրգանիզմի համար, մինչդեռ առավոտյան քաղցած այն խմելը լավագույն տարբերակը չէ։  KP.Ru-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել սրտաբան Վլադիմիր Բեկետովը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ որակյալ սուրճի չափաբաժինը ուտելուց մեկ ժամ անց «շատ օգտակար է, քանի որ օգնում է աղեստամոքսային տրակտով, այսպես ասած, առաջ մղել սնունդը»։

«Նյարդային համակարգի համար օգտակարության տեսանկյունից առավոտյան սուրճն ուղղակի անօգուտ է, իսկ երբեմն էլ՝ վնասակար», — նշել է բժիշկը։

Ըստ նրա՝ գիշերային հանգստից հետո նյարդային և սրտանոթային համակարգի համար նման խթանիչ պետք չէ:

«Մենք մեզ խթանում ենք մի բաժակ սուրճով և վազում ենք աշխատանքի։ Ինչ է տեղի ունենում ՝ ռեսուրսներն ավելի արագ են սպառվում»,- բացատրել է սրտաբանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ուտելուց (ճաշից մեկ — երկու ժամ հետո) սուրճն օգտագործելով՝ մենք օգնում ենք մարսողությանը։

Ըստ բժշկի՝ մեկ բաժակ սուրճը  ժամը 16-ից, նույնիսկ 17 ժամից հետո ավելի նախընտրելի է, քան առավոտյան:

Մասնագետը նաև շեշտել է, թե չարժե սննդարար ճաշից հետո խմել էսպրեսսո կամ դրա հիման վրա պատրաստված ըմպելիքներ։  Սուրճը կարող է առաջացնել կերակրափողի ավելցուկային թուլացում և նույնիսկ գաստրոէնտերոլոգիական հիվանդության առաջացման պատճառ դառնալ։

Նա նաև ցրել է առասպելն այն մասին, թե սուրճը վնասակար է սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Նա խորհուրդ է տալիս սուրճից հրաժարվել նրանցք, ովքեր ունեն,օրինակ, թրթռացող առիթմիա։ Նաև խորհուրդ չի տալիս սուրճ օգտագործել  մինչև 16 տարեկան երեխաներին, հղիության առաջին և երկրորդ եռամսյակում գտնվող կանանց։ Նրա կարծիքով՝ մնացած բոլոր մարդիկ կարող են սուրճ օգտագործել՝ չանցնելով օրական 2-3 չափաբաժնի սահմանը։