ԳլխավորԽոսք

10 «պատվիրան» ուսանողներին` Ռուբեն Մելիքյանից

Սեպտեմբերն աննկատ մոտենում է ավարտին, և հենց նոր հիշեցի, որ այս տարի չեմ տեղադրել «սեպտեմբերյան 10 խորհուրդները»՝ ուղղված ուսանողներին, ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, ԵՊՀ դասախոս Ռուբեն Մելիքյանը:

Ով ուզում է կարդալ՝ թող կարդա, ով ուզում է հետևել՝ թող հետևի։ Ով չի ուզում՝ թող հետևի միայն 10-րդ խորհրդին։

1. Սովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ։ Մշտապես եղեք ներքին երկխոսության մեջ։ Ազնիվ եղեք հայելու առջև։ Դրա անունը կարող եք դնել խիղճ, ներքին ձայն՝ կարևոր չէ։ Թող հենց ձեր իսկ խիղճը լինի ձեր թիվ մեկ դատավորը։

2. Սովորե՛ք մտածել։ Մի՛ կարծեք, թե մտածելը պարզունակ բան է։ Ուշադրություն դարձրեք ձեր մտապրոցեսին ու սովորեք խուսափել մտքի սխալներից դատողություններում ու եզրահանգումներում։

3. Սովորե՛ք աճել։ Երբե՛ք մի սահմանափակվեք ունեցած աշխարհայացքով։ Գրքեր կարդացեք, ֆիլմեր դիտեք, երաժշտություն լսեք։ Կասկածեք։ Փնտրեք։

4. Սովորե՛ք չհիասթափվել։ Կուռքեր մի ստեղծեք, որ հետո չհիասթափվեք։ Սահմանափակեք ձեր ոգևորությունը։

5. Սովորե՛ք հարգել։ Եթե բոլորը ձեր պես մտածեին, կյանքը կլիներ տաղտկալի։ Վիճեք, բայց հարգանքով։ Անգամ եթե կռվում եք, մի կորցրեք հարգանքը։

6. Սովորե՛ք երազել։ Առանց երազանքների կյանքը դժգույն է։ Ունեցեք ճիշտ երազանքներ։

7. Սովորե՛ք լռել։ Խոսեք, երբ կարևոր է։ Կարծիք հայտնեք, երբ տեղյակ եք։ Հարգե՛ք ձեր լռությունը։

8. Սովորե՛ք գնահատել։ Զանազանեք թացը չորից, արժեքավորը աղբից, հավերժականը անցողիկից։ Լա՛վ սովորեք։

9. Սովորե՛ք չչարանալ։ Հարվածներն ընդունեք արժանապատվորեն։ Մի՛ թունավորեք ինքներդ ձեզ ատելությամբ։

10. Սովորե՛ք չընդունել ուրիշի խորհուրդները։ Այդ թվում նաև սա։ Ձևավորեք ձեր ներքին սահմանադրությունը ինքնուրույն։ Միևնույն է՝ դուք խորհուրդ լսող չեք։

Comment here