ԳլխավորԼուր

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է

Տիգրան Մանսուրյան

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Պատվո շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն առիթ է շնորհակալություն հայտնելու մի արվեստագետի, որի ստեղծագործական ներկայությունը շարունակաբար հաստատում է՝ ազգային լինելը և համաշխարհային հնչեղություն ունենալը միմյանց չեն հակասում, այլ նույն ճանապարհի տարբեր խորություններն են։ Նրա արվեստը շարունակում է մնալ կենդանի հենարան հայկական մշակույթի համար։

Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից, իսկ ազգային հիշողությունն ու բանահյուսական հենքը վերածվել են ներքին ճշմարտության լեզվի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են աշխարհի խոշոր համերգասրահներում՝ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։

Ծննդյան օրվա առթիվ հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կկայանա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը։ 1969 թվականին կառուցված և 2017-ին կոմպոզիտորի անունով անվանակոչված կենտրոնի վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 112 մլն 878 հազար դրամ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews