ԳլխավորԼուր

Հայաստանում դեռահասների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է. պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մենք նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում ՀՀ–ում, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով թմրամոլության խնդրին։

Ըստ պատգամավորի` դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է.

«Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում»,-ասաց նա։

Պատգամավորն առաջարկում է բոլոր պետական մարմիններում, որտեղ աշխատանքային պայմանագիր է կնքվում, ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ պետք է թմրաթեստ անցնի։

«Եթե աշխատողն այդ թեստից հրաժարվելի, ապա դա պետք է աշխատանքից ազատման հիմք լինի` սկսած ԱԺ–ից մինչև բոլոր ՏԻՄ–եր»,–ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ բոլոր բարեփոխումները, ընդունած օրենքներն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցները շարունակվեն այս ծավալի տարածվել: Ըստ նրա` սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի կարևոր խնդիր է։