ԳլխավորԼուր

Բուհերը կկարողանան ավելի շատ ուսանողների վարձեր զեղչել. կառավարությունը հաստատեց նախագիծը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով մեղմել ուսման վարձերի զեղչի պարագայում բուհերի նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ նախարարությունը կողմ է օրենսդրական առաջարկին` միայն մեկ շտկմամբ` պատգամավորների առաջարկած 25 տոկոսի փոխարեն բուհերին թույլ տալ առանց հարկային պարտավորության, ուսանողների մինչև 20 տոկոսին ուսման վարձի զեղչեր տրամադրել։

Բանն այն է, որ գործող օրենսգիրքը բուհերին թույլ է տալիս մինչև 10 տոկոս ուսանողների վարձերը զեղչել` առանց հարկային պարտավորության։ 10 տոկոսից ավել ուսանողների համար բուհը արդեն հարկ պետք է վճարի։

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածներում «10» թիվը փոխարինել «25» թվով՝ կարգավորման ժամկետը սահմանելով 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով նախատեսվում է ժամանակավոր լուծում՝ առաջարկում ենք քննարկել աջակցության գործիքի սահմանաչափը, ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով սահմանվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ, և հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Ի դեպ, ԿԳՄՍ-ն հաշվարկել է` փոփոխությունը շուրջ 7000 ուսանողի կառնչվի,  իսկ արդյունքում պետության հարկային եկամուտները կնվազեն շուրջ 500 մլն դրամով։

Կառավարությունը հավանություն տվեց պատգամավորների ներկայացրած նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։