ԳլխավորԼուր

Մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը:

Խաղերի շրջանակում արդեն կայացել են ատլետիկական հնգամարտի մրցումները, որոնց մասնակցել է 9 բուհի շուրջ 90 ուսանող:

Տղաների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Արցախի պետական համալսարանից Արման Հակոբյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Դավիթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նույն բուհից Ռազմիկ Մկրտչյանը:

Թիմային պայքարում առաջինը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է, երկրորդը` Արցախի պետական համալսարանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը:

Աղջիկների մրցաշարում լավագույն արդյունքը գրանցել է Գայանե Չիլոյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից Էլլադա Ալավերդյանը, երրորդը՝ Արցախի պետական համալսարանից Մանուշակ Բաղրյանը: Աղջիկների պայքարում թիմային հաշվարկով առաջատարը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է, որին հաջորդել են Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը:

Մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներով, մեդալներով և հավաստագրերով:

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը շարունակվում են:

Մինչև դեկտեմբեր ուսանող մարզիկներն իրենց ուժերը կչափեն ևս 7 մարզաձևում՝ բազկամարտ, ուժային եռամարտ, հրաձգություն, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ և բասկետբոլ:

Comment here