Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ Մոլդովայում ավարտին մոտեցող առաջնությունում երկամարտի 450 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 210 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է 240 կգ արդյունքով:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ), փոխչեմպիոն էին դարձել Լիանա Գյուրջյանը (87 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (73կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԵԱ-ում հանդես է եկել Փաշիկի Ալավերդյանի գլխավորությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է: