ԳլխավորՀայաստանս

Վախենում եմ խայտառակել ազգային հերոսի ինստիտուտը. Վազգեն Սարգսյան

Աշոտ Աղաբաբյանն ու Վազգեն Սարգսյանը

Ներկայացնում ենք արձակագիր Աշոտ Աղաբաբյանի հուշերը սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին

Վազգենի հետ

«Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր էի։ 1998-ին մի օր բաց նամակ գրեցի Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որի բովանդակությունը հետևյալն էր․ «Պատերազմում պարտված Ադրբեջանը 273 ազգային հերոս ունի, հաղթած Հայաստանը ընդամենը 15 ազգային հերոս, որոնցից միայն յոթն են կռվել ղարաբաղյան պատերազմում։ Ինչու՞։ Բոլոր հերոսները զոհված են։ Ինչու՞ մենք կենդանի, ողջ հերոս չունենք, որ մեր երեխաներին մատնացույց անենք։ Արդյոք հերոսի կոչմանն արժանի մարդ չունե՞նք»։ Հաջորդ օրը զանգահարեց Վազգենը և առաջարկեց հանդիպել։ Ես քո բարձրացրած կարևոր հարցին կպատասխանեմ բանավոր, ոչ տպագրելու համար։ Հանդիպեցինք։ Աշոտ, ասաց, շատ կարևոր հարց ես տվել։ Այս մասին երկար եմ մտածել, ինչու՞ մենք կենդանի հերոս չունենք։ Պատասխանեմ, ես վախենում եմ վարկաբեկել ազգային հերոսի ինստիտուտը, եթե հերոսի կոչում տանք, առաջիններից մեկը պիտի լինի գեներալ Մանվելը, որովհետև լավ է կռվել։ Բայց եթե նրան հերոսի կոչում տանք, այդ օրվանից ես գիշերները հանգիստ չեմ քնի, որովհետև Մանվելն է, մի օր մեկին կառևանգի, մի օր ատրճանակը մեկի քունքին կդնի, կխայտառակվենք։ Ես ասացի՝ դա արդարացում չէ, դուք էլ հերոսի կոչում տվեք Կոմանդոսին, արժանի չէ՞։ Արժանի է, ասաց, բայց նրան տալու դեպքում մանվելներին էլ պիտի տալ։ Չեմ արդարանում, բայց այդպիսի խնդիր կա։

Եթե սրբագրեմ իմ սխալները, երկիրը երկիր կդարձնենք

«Միասնություն» դաշինքի ընտրարշավն էր։ Վազգենը զանգեց և խնդրեց, որ իր հետ գնամ իմ հարազատ Տավուշի մարզ։ Գնացինք։ Բերդում Կարեն Դեմիրճյանի հոյակապ ելույթից հետո միկրոֆոնին մոտեցավ Վազգենը։ Մի տարեց մարդ բղավեց՝ Վազգեն, դու Դեմիրճյանին խանգարեցիր ու պրեզիդենտ դարձրիր Քոչարյանին, հիմա ինչու՞ ես կանգնել Սերոբիչի կողքին։ Ոմանք փորձեցին սաստել նրան։ Բայց Վազգենը այս մարդուն խնդրեց բարձրաձայն կրկնել իր բողոքը։ Հետո Վազգենը պատասխանեց։ Դուք ճիշտ եք, ես խանգարել եմ Կարեն Սերոբիչին, բայց հիմա սխալս ուղղում եմ, վա՞տ է, չե՞ք ուզում։ Բոլորը ուռաներով արձագանքեցին ու ծափահարեցին։ Գիշերը մնացինք Դիլիջանում։

Մինչև գիշերվա ժամը 4-ը առանձնացած զրուցում էինք։ Վազգենը, հիշելով ծերունու հանդիմանությունն, ասաց․ Աշոտ, եթե միայն իմ սխալները սրբագրեմ, մեր երկիրը երկիր կդառնա, եթե հասցնեմ, իհարկե։

Երբ չլինեմ, էն ժամանակ կտպես

Մեր թերթի թղթակցին մեծ հարցազրույց էր տվել։ Արդեն վարչապետ էր։ Հարցազրույցը պատրաստ էր։ Ուզեց կարդալ։ Նյութը տարա կառավարություն։ Ասաց, թող, գիշերը կկարդամ։ Առավոտյան զանգահարեց, կանչեց իր մոտ։ Լսիր, ասաց, մտքում չքրֆես ինձ, գիտեմ, ասելու ես նյութը կռտել ես։ Եվ իր խմբագրած հոդվածը փոխանցեց ինձ։ Ուղիղ կեսը կրճատել էր։ Աչքի անցկացրի, ասացի՝ ամենահետաքրքիր տեղերը հանել ես։ Օրինակ, ասել էր, որ 17 նախարարներից մի տասին պետք է ջուրը գցել, անպիտան են։ Ասացի ափսոս է, նյութն անատամ է դառնում։ Ասաց՝ շատ ես ուզու՞մ տպագրել, կտպագրես, երբ ես չլինեմ։ Կատակում էր, իհարկե․․․

***

Դարձյալ ընտրարշավի օրերն էին։ Զանգահարեց ՊՆ մամուլի պատասխանատու Էդիկ Միլիտոնյանը (հիմա ՀԳՄ նախագահն է), ասաց, որ Վազգենը խնդրում է իր հետ Արմավիր գնալ։ Ասացի լավ, սիրով կգամ։ Հինգ րոպե անց զանգահարեց Վազգենի տեղակալ Վահան Շիրխանյանը։ Խիստ տոնով ասաց՝ Աշոտ, էդ որ ասում են Վազգենը խնդրում է իր հետ գալ, նշանակում է դու անպայման պիտի գաս։

Արյունը տվեց գլուխս։ Նա հրամայական, վիրավորական տոնով էր խոսում այն դեպքում, երբ ես տվել էի համաձայնությունս։ Ասացի՝ պարոն Շիրխանյան, ավելորդ զանգ էր Ձեր կողմից, փոխանցեք նախարարին իմ պատասխանը՝ Դուք է՛լ, ձեր ընտրարշավն է՛լ, ձեր նախարարն է՛լ։

Ու անջատեցի։

Հինգ րոպե անց կառավարականով նորից զանգ ստացա։ Վազգենն էր։ Ուղղակի քրքջում էր։ Ասաց․

-Աշոտ, դու ինձ, մեր ընտրարշավը պասլատ ե՞ս արել, տո շատ էլ ճիշտ ես արել, Շիրխանյանին հասնում է, ինձ էլ, բայց ես խնդրելով էի ասել, — ու իր վարակիչ քրքիջով սկսեց ծիծաղել,-լավ էդ սաղ հեչ, գալու ե՞ս, թե՝ չէ։

Հետո, իհարկե, Վահան Շիրխանյանի հետ մտերմացանք․․․

Comment here