Այս տարի Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նշվեց նոր ձևաչափով: Նոյեմբերի 17-ին ուսանողները ռեկտոր Ռուստամ Սահակյանի, քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչի, նույն ամբիոնի դասախոսների ուղեկցությամբ քայլարշավ իրականացրին դեպի Վանաձորի բուսաբանական այգի:
Այստեղ Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս գ.գ.թ., դոցենտ Լիլյա Բայրամյանը, կենսաբանություն մասնագիտության մագիստարատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Կարինե Ղազարյանը հետաքրքիր էքսկուրսիա անցկացրեցին՝ ներկայացնելով այգու ստեղծման պատմությունը, հարուստ բուսականությունը՝ առանձնացնելով հատկապես հյուսիսային կիսագնդից բերված և վանաձորյան կլիմայական պայմաններին արդեն իսկ ադապտացված ծառատեսակները:
ՎՊՀ-ի Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ նաև միջոցառում, որի սկզբում ներկաներին ողջունեց և Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական համարներով՝ երգ, կիթառի և դուդուկի կատարումներ, շուրջպար՝ հայկական ավանդական քոչարի: Թեյախմության արարողությունը ևս նպատակային էր՝ մեկ գավաթ տաք թեյի շուրջ մտերմիկ զրույցի հրավիրել ուսանողությանը:
Դե իսկ Ուսանողության օրվան նվիրված քայլարշավ-միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ֆլեշմոբով. հեռակառավարվող տեսախցիկը ֆիքսեց հիշարժան լուսանկար, որում ուսանողները կերտեցին ՎՊՀ հապավումը: