ԳլխավորԼուրԿրթություն

Ինչպե՞ս կսկսի ուսումնական տարին Հյուսիսային համալսարանը

Հյուսիսային համալսարան

Օգոստոսի 24-ին Հյուսիսային համալսարանում տեղի է ունեցել խորհրդակցություն դեկանների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշել է ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ խորհրդակցությունը շատ կարևոր է ու սպասված, քանի որ շոշափվող հարցերը հուզում են ոչ միայն բուհի աշխատակիցներին, այլև ուսանողությանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես, դասաժամերի տևողությունը սահմանվել է 60 րոպե, դասամիջոցները կպահպանվեն նույնությամբ՝ 10-ական և 20-ական րոպեներով: Ուսանողները դասերին կմասնակցեն փոքր խմբերով և դիմակներով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Մեծաթիվ ուսանողներով կուրսերը կբաժանվեն փոքր խմբերի:

Համալսարանի բոլոր լսարաններն ու ստորաբաժանումները պարբերաբար կախտահանվեն, յուրաքանչյուր ուսանող անմիջապես մուտքի մոտ կջերմաչափվի, ֆակուլտետ մտնելիս նույնպես, իսկ միջանցքներում կլինեն ախտահանման անհրաժեշտ պարագաներ: Ուսանողները ողջ օրվա ընթացքում կգտնվեն բուժքրոջ հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում նրանց ցույց կտրվի բուժօգնություն:

Որոշում է ընդունվել լսարանային դասերն անցկացնել շաբաթվա չորս օրը, իսկ որոշ առարկաների ուսուցումը, պայմանավորված դրանց առանձնահատկություններով, ընդամենը մեկ օր կազմակերպել հեռավար եղանակով:

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի մեկից դասի կհաճախեն միայն բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներ, սեպտեմբերի 15-ից՝ նաև բարձր կուրսեցիներն ու մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները:

Ռեկտոր Մհեր Մակիչյանը նշել է, որ դասերի շարունակականությունը մեծապես պայմանավորված է համաճարակային իրավիճակով և հույս է հայտնել, որ առաջիկայում ստիպված չեն լինի անցում կատարել հեռավար ուսուցման: Ուստի նա հորդորել է բոլորին՝ խստորեն հետևել անվտանգության կանոններին և մաղթել է առողջ ուսումնական տարի:

Comment here