ԳլխավորԼուր

Ջավախքում բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկած ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, հայտնում է Jnews-ը:

Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող արոտավայրերում։ Թորիա գյուղի բնակիչները 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին զգուշացնի, որ ոչխարի հոտը հանեն այդտեղից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:

«Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարներ էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց: Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգի ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց «դուխ» տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրացի սահմանապահներին էին խփում»,- նշել է գյուղի բնակիչներից մեկը:

Թորիայի բնակիչների խոսքերով՝ իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:

Ըստ գյուղացիների՝ նախկինում Թուշեթից եկածների հետ խնդիր չի եղել, և սա առաջին լուրջ միջադեպն է։

ՆԳՆ-ի մամլո ծառայությունից լրատվամիջոցին հայտնել են, որ այս պահի դրությամբ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բռնության և խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և այդ ամենին մասնակցելու հոդվածներով:

Comment here