ԳլխավորԿրթություն

Ուսուցման միասնական մրցույթ՝ պարեկ դառնալ ցանկացողների համար

Ավտոտեսուչ, մեքենա

Ոստիկանությունը հայտարարում է նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ։

Ընդհանուր տեղեկություն՝ Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց և Ոստիկանության ծառայողների համար

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:

Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:

Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):

Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ծառայողները, բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

Դիմորդի (ծառայողի) տարիքը և ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ:

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը արական սեռի դիմորդների (ծառայողների) համար, իսկ 230 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here