Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:
Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
2021-2022 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Պետական ավարտական քննությունների ցուցակ-հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը:
Բուհերի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:
Ընդունելության 1-ին փուլի հայտագրման մանրամասները՝ ԿԳՄՍՆ-ի տեսանյութում։