Փետրվարի 22-ին ԱրՊՀ է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հանդիպում ունեցել Արցախի Հանրապետությունում գործող բուհերի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղեկցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին` ԱրՊՀ այցելելու և իր գործունեությամբ Արցախի մայր բուհին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Ռեկտորը ներկայացրել է համալսարանի անցած ուղին, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
«Հաճելի է գտնվել Արցախի պետական համալսարանում` վաղուց կայացած մի բուհում։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ԱրՊՀ-ն զարգանա: Մենք պատրաստ ենք դրսևորել մեր բոլոր միջոցներն ու ջանքերը այդ գործում, մենք պատրաստակամ ենք»,-ընդգծել է Վ. Դումանյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը խոսել է գիտական մրցույթների ու թեմաների, միջազգային պարբերականներում գիտական աշխատանքների տպագրության և հարակից այլ հարցերի շուրջ` նշելով միջազգային հեղինակություն ունեցող պարբերականներում Արցախի գիտնականների կողմից գիտական հոդվածների տպագրության անհրաժեշտությունն ու կարևորությունը:
«Կրթությունն ու գիտությունն այն ոլորտներն են, որոնց միջոցով փափուկ ուժով կարելի է առաջ տանել Արցախի ճանաչման գիծը»,-ասել է Ս. Հայոցյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին բարձրագույն կրթության մասին նոր օրենքին, բարձրագույն կրթության կազմակերպմանը, գիտական ատենախոսությունների պաշտպանությանը և այլն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։