ԳլխավորԼուր

Արտակ Բեգլարյանն ընտրվել է ԱրՊՀ խորհրդի նախագահ

Փետրվարի 15-ին գումարվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստ, որի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Նիստի օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Խորհրդի նորընտիր նախագահ Ա․ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել բուհի կրթության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։

Օրակարգի հաջորդ հարցով ԱրՊՀ ռեկտորը, ըստ բնագավառների, ներկայացրել է անցած ուստարում կատարած աշխատանքները կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական ուղղություններով։

Մասնավորապես նշվել է, որ այս ընթացքում Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալվրիատի 19 ու մագիստրատուրայի 20 կրթական ծրագրերով` 5 ֆակուլտետի և 16 ամբիոնի միջոցով, 2020-2021 ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 1960, մագիստրատուրայի ուսանողների թիվը՝ 315, ասպիրանտների թիվը՝ 19։

Գիտական գործունեության բնագավառում ևս կատարվել են աշխատանքներ։ ԱրՊՀ-ում ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում խթանելու համար ներդրվել է «Հետազոտության պլանավորում» առարկան. բոլոր առարկաների շրջանակներում ուսանողները ինքնուրույն աշխատանքներ են իրականացնում:

Տարվա ընթացքում ԱրՊՀ-ում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են առցանց գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ:

«ԱրՊՀ գործունեության առանցքային դրույթը շարունակում է մնալ ուսանողների հանդեպ պատասխանատվությունը: Պատերազմի ժամանակ ԱրՊՀ քսանվեց ուսանողներ նահատակվել են` իրենց կյանքի գնով ապահովելով մեր ապրելու հնարավորությունը:

Հետպատերազմական շրջանում մայր բուհի ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրել համալսարանական գործունեությունը բնականոն հունի մեջ վերադարձնելու ուղղությամբ»,-նշել է ռեկտորը։

Միջոցառումներ են ձեռնարկվել առավել կարիքավոր ուսանողներին և աշխատակիցներին նյութական աջակցություն ցույց տալու ուղղությամբ, վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել ուսանողական հանրակացարանում:

Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։

Օրակարգի հաջորդ հարցով ԱրՊՀ հաշվապահական հաշվառման բաժնի պետ Նարինե Գրիգորյանը ներկայացրել է հաշվետվություն 2021 ֆինանսական տարվա արդյունքների մասին, հաստատվել է 2022 թ․ ծախսերի նախահաշիվը։

Այլ հարցերում նիստը քննարկել է բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։