«Starmus VI» փառատոնի 2-րդ օրը հագեցած է եղել Նոբելյան մրցանակակիրների՝ ՀՀ բուհերում անցկացրած դասախոսություններով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։
Այդ հայտնագործության համար Միշել Մայորը և շվեյցարացի աստղագետ Դիդիե Քելոն 2019 թվականին ֆիզիկայի բնագավառում արժանացել են Նոբելյան մրցանակի։
Սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասախոսություն է կարդացել ավիատիեզերական ինժեներ Ժան–Ժակ Դորդեինը։
Նա 2003-2015 թթ․ եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը: ESA-ում իր պաշտոնավարման ընթացքում Դորդեինը զարգացրել է ESA-ի հարաբերությունները Եվրոպական միության և նրա ինստիտուտների հետ: Նա ղեկավարել է Ariane-ի հաջող արձակումների երկար շարքը, ինչպես նաև ուղեծիր է դուրս բերել Երկրի դիտման արբանյակներ՝ եզակի տվյալներ տրամադրելով գիտական համայնքներին՝ հասկանալու և վերահսկելու Երկրի շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը:
Գիտական դասախոսություններ են հնչել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում: NASA Jet Propulsion Laboratory-ի գիտնական-ինժեներ Նեյգին Քոքսն ուսանողների հետ կիսվել է իր փորձառությամբ։
Հիշեցնենք, որ «Starmus VI» փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին ու կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ: