ԳլխավորԼուր

«Ռեկտորը ձեռքը խփել է սեղանին և արգելել». մի կաթիլ հայհոյանքի պատմություն՝ Թատերականում

Թատերական ինստիտուտում ռեկտորը ուսանողներին արգելել է կուրսային աշխատանքը ուսանողական բեմում մի քանի անգամ խաղալ` պատճառաբանելով, որ ներկայացման ընթացքում հայհոյանք է հնչում։ Այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում նշում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող Վարդ Կիրակոսյանը:

«Մենք առաջարկել ենք հանել հայհոյանքը, նա կրկին դեմ է` առանց որևէ օրենքի վրա հիմնվելու»,- մանրամասնեց Կիրակոսյանը։

Նշենք, որ ԵԹԿՊԻ-ում արգելվել է ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի «Որբանոց» (ըստ Էդգար Կոստանդյանի համանուն գրվածքի) բեմադրության ցուցադրությունը, քանի որ, ուսանողների խոսքով,  գրական բառերը մեկնաբանվում են որպես հայհոյանք (խոսքը «բոզ» բառի մասին է-հեղ.): Արգելքը դրվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորատի որոշմամբ։ Հարկ է նշել, որ ռեկտորատի անդամները չեն դիտել ներկայացումը։

«Ռեկտորի հետ, Նիկոլայ Ծատուրյանի մասնակցությամբ, ունեցել ենք ժողով, որի ընթացքում ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասել է, որ կուրսայինը չենք կարող խաղալ ուսանողական թատրոնից նշյալ պատճառով: Մեր առաջարկը` հանել այդ բառը և խաղալ ներկայացումն առանց դրա, ևս մերժվել է: Ռեկտորն ասաց` գոհ  եղեք, որ արդեն երկու անգամ խաղացել եք, բայց մենք երկու անգամ խաղացել ենք, քանի որ դուբլյորի խնդիր ունեինք: Տիկին Արզումանյանն այլևս չի թույլատրում խաղալ ներկայացումը, իսկ երբ հարցնում ենք` ինչ հիմքով, չի կարողանում պատասխանել, որևէ օրենք մեջբերել, միայն ձեռքը խփում է սեղանին և ասում` թեման փակված է»,- մանրամասնում է Վարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով` այլ կուրսեր այս օրերին Թատերականում մի շարք կուրսային աշխատանքներ մի քանի անգամ խաղացել են. «Սրանք ռեկտորի անձնական ամբիցիաներն են, որոնք կապված են միայն մեր կուրսի հետ»,-ասում է Վարդ Կիրակոսյանը:

Usanogh.am-ը զրուցեց նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ: Նա կտրականապես պնդում է` ուսանողական բեմից հայհոյանք չպետք է հնչի: Հարցին, թե ինչու չի համաձայնել առանց հայհոյանքի ցուցադրել ներկայացումը, հատկապես, որ բեմադրող կողմը համաձայնել է գնալ այդ քայլին,  տիկին Արզումանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` իրենք ինչի են համաձայն: 2021 թվականի կրթական ծրագրով նախատեսված է, որ կուրսային, դիպլոմային ներկայացումները նախ պետք է դիտի ամբիոնը, տա համաձայնություն, և դրանից հետո միայն ներկայացումը կարող են խաղալ ուսանողական բեմում: Իրենք խախտել են կարգը, առանց համաձայնություն ստանալու երկու անգամ խաղացել են ներկայացումը: Սա փոթորիկ է մեկ բաժակ ջրում»,-շեշտում է Լիլիթ Արզումանյանը:

Հարցին, թե ինչու չի դիտել ներկայացումը, ռեկտորը պատասխանեց. «Նախ ես չեմ իմացել դրա մասին, ինձ ոչ ոք չի ասել և երկրորդ` հիմա «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում եմ և զբաղված եմ»:

Հարցրինք` ռեկտորն ինչ է պատրաստվում առաջիկայում անել. «Ոչ մի բան, սպասում եմ տեսնեմ` էլ ինչի են ընդունակ…»

Նշենք, որ այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները դասադուլ են անելու: Ուսանողները պնդում են, որ արգելքն անհիմն է:

Լուսանկարը՝ արխիվային