Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, «Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը:
«Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հյուրանոցում: Նա սիրում էր պատշգամբից նայել այս հրապարակին, որը լեցուն է կյանքով և պատմությամբ։ Հիրավի շատ հուզիչ է, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,- ողջունելով ներկաներին ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Նրա խոսքով՝ Ազնավուրը սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով, և դա արտահայտվում էր ոչ միայն բառերով, այլև գործունեությամբ:
«Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Հայրս հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, մշակույթին ու ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի իր ընտանիքը ժամանի և հաստատվի այստեղ՝ ապրեցնելով և իրականություն դարձնելով իր գաղափարները»,- նշել է Նիկոլա Ազնավուրը և հավելել, որ արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Ազնավուրի արվեստը:
«Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմել է արձանի ստեղծման մեկ ու կես տարվա պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործին: «Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ մեկ ու կես տարի ընկերություն անել»,- ասել է Դավիթ Մինասյանը՝ խոսելով ստեղծագործական մտահղացման մասին:
«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։
Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Չափսը՝ 3350/ 2500/ 1820 մմ, քաշը՝ 1850 կգ: Ստեղծվել է 2025 թվականին:








