ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Խոսելով կրթության ոլորտում համագործակցության խորացման մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումը, ինչպես նաև վրացերեն դասավանդող մասնագետների պատրաստման և համատեղ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Այս քայլերը, ըստ նախարարի, հնարավորություն կտան ավելացնելու վրացերեն դասավանդող դպրոցների թիվը Հայաստանում։ Միաժամանակ, կարևորվել է համատեղ աշխատանքը Վրաստանի հայալեզու դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման զարգացման, ինչպես նաև դասագրքերով ապահովման ուղղությամբ։
Գիտության և հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում կողմերը կարևորել են Երևանի պետական համալսարանում գործող Վրացագիտության կենտրոնի գործունեությունը։ Միաժամանակ, անդրադարձ է եղել Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Կողմերը կարևորել են նաև միջպետական կրթաթոշակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում փոխանակման հիմունքներով տրամադրվում է 10 մագիստրոսական կրթաթոշակային տեղ, այդ թվում՝ հայագիտության և վրացագիտության ոլորտներում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



