ԳլխավորԼուր

Բյուրականի աստղադիտարան. 80 տարի հայոց երկնքի տակ

Բյուրականի աստղադիտարանը

2026 թ. լրանում է Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակը։

1946 թ. աշխարհահռչակ հայ գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ հիմնադրված գիտական կենտրոնը դարձել է Հայաստանի այցեքարտը և ամբողջ տարածաշրջանի կարևորագույն աստղագիտական կենտրոններից մեկը։

Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղի մոտ, որտեղ մաքուր երկինքը և բարձրադիր դիրքը նպաստավոր պայմաններ են ստեղծում տիեզերքի ուսումնասիրության համար։

Հիմնադրման առաջին տարիներից աստղադիտարանում իրականացվել են կարևորագույն գիտական հետազոտություններ։ Հենց այստեղ 1947թ. Վիկտոր Համբարձումյանը հայտնաբերեց աստղասփյուռները՝ ցույց տալով, որ աստղերը ծնվում են խմբերով և աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև այսօր։ Այս հայտնագործությունն էականորեն փոխեց աստղերի առաջացման վերաբերյալ գիտական պատկերացումները։

Այստեղ իրականացվել են նաև համաշխարհային նշանակության ծրագրեր, որոնցից առավել հայտնի է Առաջին բյուրականյան շրջահայությունը (Մարգարյանի շրջահայությունը), որի արդյունքում հայտնաբերվեցին գերմանուշակագույն ավելցուկ ունեցող հազարավոր գալակտիկաներ՝ հայտնի որպես Մարգարյանի գալակտիկաներ։ Այս դիտողական նյութը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգության ցանկում։

«Այսօր Բյուրականի աստղադիտարանը շարունակում է իր գիտական, կրթական և հանրային առաքելությունը՝ լինելով Հայաստանի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկը։ Այստեղ իրականացվում են աստղաֆիզիկական հետազոտություններ, կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, ամառային դպրոցներ երիտասարդ գիտնականների համար և այլ կրթական ծրագրեր։

80 տարիների ընթացքում Բյուրականը դարձել է ոչ միայն գիտության կարևոր կենտրոն, այլև հայկական գիտական մտքի խորհրդանիշ՝ շարունակելով ոգեշնչել նոր սերնդի հետազոտողներին բացահայտելու Տիեզերքի գաղտնիքները»,-նշված է աստղադիտարանի հաղորդագրության մեջ։

Հավեելնք, որ գիտական լրագրության 2026թ. մրցույթն արդեն հայտարարված է, այն նվիրված է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հիմնադրման 80-ամյակին։ Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողին կտրամադրվի խորհրդանշական 80 հազար ՀՀ դրամ մրցանակ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews