Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունում հոկտեմբերի 14-ի երեկոյան պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հավաքականի մեկ այլ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 134 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է
Իսկ 70 կգ քաշային կարգում Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


