ԳլխավորԼուր

Ամփոփվել են «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչի 2023-2024 ուստարվա արդյունքները

«Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մասնակիցներ

2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Այսօր ամփոփվել են ծրագրի առաջին ուստարվա արդյունքները, ներկայացվել են «ԱԲ սերունդ» կրթական ծրագրում ընդգրկված ավելի քան 350 աշակերտի ձեռքբերումները, անցած ուսումնական ուղին, ինչպես նաև բոլոր այն համագործակցությունները, որոնք իրականացվել են ոլորտային կառույցների աջակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մասնակից աշակերտներին, ուսուցիչներին, գործընկերներին «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի 1 տարվա բարեհաջող իրականացման և դրական արդյունքների ապահովման կապակցությամբ. «Մեկնարկն ուղղակիորեն կապված է հանրակրթության ռազմավարության հետ և եկել է աջակցելու ռազմավարության իրականացմանը հենց ակադեմիական տեսանկյունից: Մենք խոսում ենք բավականին բարդ ակադեմիական բովանդակության մասին, սակայն ծրագրի փորձարկումն առաջացրել է մեծ ոգևորություն՝ մոտիվացնելով աշակերտներին և ուսուցիչներին»:

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ FAST հիմնադրամի հետ նախարարությունը համագործակցում է 2022 թվականից։ Նրա խոսքով՝ համագործակցության հաջողությունը կայանում է ծրագրի բարելավման, ընդլայնման ու շարունակականության ապահովմանն ուղղված երկու կառույցների հետևողական աշխատանքով:

«Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել աշակերտների գրագիտությունը և մոտիվացիան ԱԲ և մաթեմատիկական մասնագիտությունների ուղղությամբ, զարգացնել հետազոտական և նորարար կարողություններ, ձևավորել ԱԲ վերաբերյալ բազային և գործնական գիտելիքներ»,-ասել է Թամարա Սարգսյանը։

Միջոցառման երկրորդ հատվածում «Այբ» կրթական հիմնադրամի հետ ամփոփվել են գործընկերության շրջանակում իրականացված ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները: Այնուհետև հանդիսավորությամբ ուսուցիչներին հանձնվել են հավաստագրեր: Միջոցառման էքսպո անկյունում ցուցադրվել են ծրագրի մասնակից 15 ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքները:

Նշենք, որ FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։