Այսօր կյանքից հեռացել է լեգենդար դերասան Ալեն Դելոնը. նա 88 տարեկան էր: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն, 2019 թվականին կրկնակի կաթված էր ստացել։
1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը ամբողջ աշխարհում տարիներ շարունակ համարվել է տղամարդու գեղեցկության խորհրդանիշ։ Արդեն 23 տարեկան հասակում նա մեծ ճանաչման էր հասել և համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964) ֆիլմերը։
Վերջին 20 տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Ալեն Դելոնը լրագրողներին խոստովանում էր, որ շատ է հոգնել կյանքից, աշխարհից և ինքն իրենից՝ հիվանդություններից, մենակությունից, հիշողություններից։
«Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտվել է»,- հայտարարեց նա 2019թ․-ին Կաննի փառատոնի բեմում։
2022թ․ միջազգային լրատվամիջոցները սկսեցին հայտնել, որ Դելոնն էֆթանազիայի է պատրաստվում, անգամ համապատասխան բժշկական հաստատությունն է արդեն ընտրել։
Վերջին շրջանում լեգենդար դերասանի անունն ընտանեկան սկանդալների հետ է կապվում, նրա երեք զավակները՝ դուստրը և երկու որդիները, դատարանում պայքարում էին հոր կարողության համար, որը գնահատվում է մոտ 245 միլիոն եվրո․ կարողության կեսը նա կտակել էր դստերը՝ Անուշկային, մյուս կեսը հավասարաչափ բաշխել որդիների՝ Ալան-Ֆաբիենի և Էնթոնիի միջև։
Հավելենք, որ լեգենդար դերասանը 2012 թ. դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային ներկա լինելու համար. նրան հրավիրել էր ֆիլմի համապրոդյուսեր Վալերի Սահարյանը։