ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արտասահմանում ամերիկյան ուսումնական հաստատություններ և հիվանդանոցներ» ծրագրի դրամաշնորհով հունիսի 17-ին Երևանում բացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական հանրակացարանը:
Ուսանողական կեցավայրի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ջոն Ալեյոն:
Հանրակացարանը գտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարևանությամբ, այն կարող է հյուրընկալել ՀԱՀ-ի 56 ուսանողների՝ արտասահմանից և հանրապետության մարզերից: Նորակառույց շինությունը 4 հարկանի է, ունի 28 սենյակ, ընդհանուր խոհանոց, լվացքի սենյակ, դասասենյակներ և նախասրահ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հանրակացարանի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այս տարի ՀԱՀ-ի հիմնադրման 30-ամյակի կարևոր հոբելյանը նշանավորվում է ուսանողական ժամանակակից կեցավայրի բացմամբ: Նա կարծիք է հայտնել, որ ժամանակակից պայմաններով հագեցած հանրակացարան ունենալը կխթանի արտերկրից ՀԱՀ-ում սովորել նախընտրող արտասահմանցի ուսանողների թվի աճին:
Կարեն Թռչունյանը բարձր է գնահատել նաև հանրակացարանի՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությունը՝ փաստելով, որ դեռ իր ուսանողական տարիներից է հիշում, թե ինչ կարևոր են կեցավայրի պատշաճ պայմանները. «Ես կարծում եմ՝ այս հանրակացարանի բացումն առաջին քայլն է մեր երկրում նման միջմշակութային հաստատություններ ունենալու ուղղությամբ, և հույս ունեմ, որ արդեն առաջիկա շաբաթներին դուք կընդունեք այստեղ հաստատվող ձեր առաջին ուսանողներին»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ բոլորին շնորհավորելով կեցավայրի բացման կապակցությամբ:
«Մեր համագործակցությունն առաջին անգամ սկսվել է 1991 թվականին, երբ ԱՄՆ կառավարությունն օգնեց հիմնադրել այս համալսարանը: Ժամանակի ընթացքում այն դարձել է համաշխարհային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություն և ներկայացնում է ամերիկյան լավագույն փորձն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է դեսպանը՝ նոր կեցավայրի բացումը համարելով ԱՄՆ կառավարության և Ամերիկյան համալսարանի 30-ամյա գործընկերության կարևոր իրադարձություն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀԱՀ աշխատակազմին և հանրակացարանի կառուցման գործում ներգրավված անձանց՝ նշելով, որ չնայած կորոնավիրուսի և Արցախյան պատերազմի պատճառով առաջացած դժվարություններին՝ նրանց նվիրվածության և աշխատասիրության արդյունքում է ավարտվել հանրակացարանի շինարարությունը, և այն պատրաստ է ընդունել ուսանողներին:
Բացման միջոցառումից հետո հյուրերը շրջել են տարածքում, ծանոթացել հանրակացարանի շենքային պայմաններին և հնարավորություններին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։