ԳլխավորԼուր

Արտակ Մովսիսյանը բացառիկ հայրենասեր մարդու տեսակ էր. գիտաժողով՝ պրոֆեսորի հիշատակին

Գիտաժողով ԵՊՀ-ում՝ Արտակ Մովսիսյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ջանքերով անցկացվեց հանրապետական գիտաժողով, որի շրջանակում զեկուցողները ներկայացրին պատմաբան Արտակ Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը՝ անդրադառնալով նրա գիտական հետաքրքրություններին և ժառանգությանը:

Արտակ Մովսիսյանը մեծ վաստակ ունի գիտական կյանքում։ Նա հեղինակել է հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ, հինգ փաստագրական ֆիլմեր և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, խոսելով Արտակ Մովսիսյանի մասին, նշեց, որ նա՝ որպես գիտաշխատող, մեծ և անգնահատելի ավանդ է թողել հաջորդ սերունդներին:

«Արտակ Մովսիսյանը բացառիկ հայրենասեր մարդու տեսակ էր, որի կարիքը մենք մշտապես ունեցել ենք և ունենք: Նա պատմության ու գիտության նվիրյալ էր, հայրենիքի ու հայրենասիրության մասին հստակ պատկերացումներ ունեցող անհատ»,- նշեց Մխիթար Գաբրիելյանը:

Հիշելով պրոֆեսորի կատարած գիտական աշխատանքներն ու հայոց պատմության ուսումնասիրության համատեքստում կատարած հետազոտությունները՝ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը շեշտեց, որ Արտակ Մովսիսյանն իր կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ դեռ այսօր էլ միջնորդավորված շարունակում է դասավանդել հայոց պատմություն:

«Արտակ Մովսիսյանի թողած հարուստ պատմական ժառանգությունը, դպրոցական դասագրքերը, կինոֆիլմերը, որոնք այսօր էլ ցուցադրվում են, պատմական լավագույն դասերն են»,- ընդգծեց Է. Մինասյանը:

Ուսանողները Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում (ԵՊՀ)
Ուսանողները Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողովում (ԵՊՀ)

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսներ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատողներ, ԵՊՀ և ՎՊՀ ուսանողներ:

Միջոցառման նախաձեռնող, ՈՒԳԸ նախագահ Սյուզաննա Խաչատրյանը, խոսելով կազմակերպված գիտաժողովի մասին, շեշտեց, որ այն լավ հնարավորություն է՝ խորապես ծանոթանալու պրոֆեսորի գիտական գործունեությանը:

«Արտակ Մովսիսյանը մեր բացառիկ մասնագետներից էր: Նրա հիշատակը վառ պահելու նպատակով ՈՒԳԸ ողջ թիմը մեծ ոգևորվածությամբ աշխատեց այս գիտաժողովն անցկացնելու համար: Ոգևորվածությունը մեծ էր հատկապես այն ուսանողների շրջանում, որոնց Արտակ Մովսիսյանը հասցրել էր դասավանդել: Ես այդ հաջողակներից եմ՝ վերջին կուրսի ներկայացուցիչը, որին նա դասավանդել է»,- պատմեց Սյուզաննան:

Գիտաժողովին ներկայացվեցին 11 զեկուցումներ: Այն ամփոփվեց Արտակ Մովսիսյանի հեղինակած ֆիլմի դիտմամբ: