ԳլխավորԼուր

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու առիթով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։ «Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար մարտի 31-ին անցկացված ընտրություններում պայքարում էր 14 թեկնածու (Քրիստին Բալայան, Վիտալի Բալասանյան, Սերգեյ Ամիրյան, Դավիթ Բաբայան, Բելա Լալայան, Արայիկ Հարությունյան, Հայկ Խանումյան, Դավիթ Իշխանյան, Վահան Բադասյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Ռուսլան Իսրայելյան, Աշոտ Դադայան և Մելսիկ Պողոսյան)։

Երկրորդ փուլ էին անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության առաջին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր (1994-1997), երկրորդ նախագահը՝ Արկադի Ղուկասյանը (1997-2005), երրորդ նախագահը՝ Բակո Սահակյանը (2005-2020)։

 

Comments (1)

  1. […] Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորություններ…: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի […]

Comment here