ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը մասնավորապես շեշտեց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել  հաղթելու համար:

Նշենք, որ այսօր Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։

Իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիկ Հուսեյնովին: Երբ հաշիվը 1-1 էր՝ մրցավարները 2 միավոր տվեցին ադրբեջանցուն՝ իբր թե Չալյանը հարվածել էր նրա դեմքին։ Հայկական կողմը բողոքարկեց որոշումը, սակայն մրցավարների որոշումը մնաց ուժի մեջ, ու մեկ միավոր էլ ավելացվեց Հուսեյնովին։

Comment here