ԳլխավորԽճանկար

Աշխարհի հին ու նոր հրաշալիքները

Հրաշալիքների առաջին ցանկը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը։

Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն եգիպտացիների դեմ տարած հաղթանակի, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի եւ կործանվել է մ. թ. ա. 222 թ.-ին՝ երկրաշարժից։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջօրեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջօրեականը։ Բայց 16-րդ դարում այդ միջօրեականը տեղափոխել են Կանարյան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականին՝ Գրինվիչ:

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6 հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը սկսել է կառուցվել մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հին հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունների զորքերը։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 մարզադաշտ և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յեյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում https://t.me/usanoghmedia

Comments (1)

  1. […] է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության […]

Comment here