ԳլխավորԼուր

Թե երբ է ծնվել Շոպենը, կարող է իմանալ նաև հյուսնը, բայց… Ուսուցիչները թեստերից դժգոհ են

Երաժշտական դպրոց

Աբսուրդ է երաժշտական դպրոցի ուսուցչի գիտելիքը ստուգել այն սկզբունքով` գիտի նա արդյոք՝ երբ է ծնվել և մահացել Բեթհովենը, թե ոչ. փոխարենը հարկավոր էր նախապատվությունը տալ  մանկավարժական հմտությունները ստուգելուն. այս համոզման է էջմիածնի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանը արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգի հետ կապված:

Կառավարությունը մարտի սկզբին հավանության է արժանացրել պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Արտյոմ Հարությունյանը ծանոթացել է գրականության ցանկին, որի հիման վրա կազմվել են թեստերը: Usanogh.am-ի հետ զրույցում նա շեշտում է, որ դա խորհրդային տարիներին կիրառվող խիստ և կանոնակարգված գրականության ցանկ է, որը մեր օրերի հետ որևէ աղերս չունի. «Իսկ ամենավատն այն է, որ թեստերի միջոցով ստուգվում են լոկ տեսական գիտելիքներ: Չկան մեթոդիկային, մեթոդաբանությանը, մանկավարժական հմտություններին, հոգեբանությանը առնչվող  հարցեր: Այս տարբերակով հնարավոր չէ երաժշտի, ուսուցչի գիտելիքները ստուգել»:

Արտյոմ Հարությունյանը նշում է` ինքն առաջիններից է եղել, որ կողմ էր օրենքի նախագծին, սակայն այս պարագայում, նրա խոսքով,  կարևոր է  ոչ միայն ինչ անելը, այլև` ինչպես անելը. «Ծրագրի` այսքան հրատապ և հապճեպ ընդունումը պարզ է, որ խնդիրներ էր առաջացնելու:  Շահառուների թիվը բավական մեծ է, արդյոք չպե՞տք է լինեին հանրային քննարկումներ թեկուզ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: Պետք էր լսել մասնագետների»:

Դաշնամուրի ուսուցչուհի Արգինա Հարությունյանն էլ Usanogh.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ թեստից բացի` ատեստավորման գործընթացը պետք է ներառեր նաև պրակտիկ մաս. «Երաժշտական դպրոցի ուսուցչին ստուգելու լավագույն և արդյունավետ տարբերակը թեստից բացի` նրա բաց դասին ներկա գտնվելն է: Միայն այդ պարագայում են երևում ուսուցչի իրական հմտությունները: Իսկ թե երբ է ծնվել Շոպենը, ինչ է նա գրել` կարող է սովորել ցանկացած հյուսն և գալ, դասավանդել դպրոցներում»:

Նրա խոսքով` միայն տեսական գիտելիքներ պահանջող թեստը հանրապետությունում երաժշտական դպրոցների շատ ուսուցիչներ կարող են հաղթահարել. «Վստահ եմ, որ մեծ մասնակցայնություն է լինելու, և շատերը լավ արդյունք են ցույց տալու, պետությունը պատրա՞ստ է  այդքանի աշխատավարձերը բարձրացնել»:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտնել էր` այս փուլում ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ. ոլորտի աշխատողների շուրջ 30 տոկոսը հնարավորություն կունենա մասնակցելու կամավոր ատեստավորմանը և ստանալու համապատասխան լրավճար: