ԳլխավորԼուր

Հայ մարզիկները հաղթել են թուրքին ու ադրբեջանցուն

Աշոտ Ադամյան

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

60 կգ քաշային կարգում ևս հաղթանակը Հայաստանի հավաքականինն է։ 17-ամյա Արման Մրտեյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը. այս անգամ մրցելով արդեն մեծահասակների մրցաշարում։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 27 երկրների մարզիկներ, մեկնարկել է մայիսի 9-ին, կավարտվի մայիսի 15-ին։