ԳլխավորԼուր

«Պատկերացրեք՝ ձեր հարազատն է ցեղասպանության ենթարկվում». Երևանում ցուցարարները փողոցներ են փակել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանում մի շարք ցուցարարներ փակել են Երևանի Խանջյան փողոցը։ Նրանք նստարաններ են տեղադրել փողոցի մեջտեղում և թույլ չեն տալիս վարորդներին երթևեկել։

Ցուցարարները վարորդներին և մայթերին կանգնած քաղաքացիներին հորդորում են միանալ իրենց և վանկարում են. «Ժողովուրդ, միացեք», «Պայքարում ենք, որ վաղը թուրքը չմտնի քո տուն», «Արցախը կորցնում ենք»։

Փակ են նաև հրապարակին հարող մյուս փողոցները` Աբովյանը, Նալբանդյանը, Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկն ամբողջությամբ։

Անհնազանդության ակցիաները շարունակվում են նաև այլ փողոցներում` Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ–Պռոշյան, Գրիգոր Լուսավորիչ–Զաքյան խաչմերուկները նույնպես փակվեցին։

Ցուցարարները սեպտեմբերի 19-ից ՀՀ կառավարությունից պահանջում են աջակցել ադրբեջանական ագրեսիայի ենթարկված Արցախին, պահանջում են վարչապետի հրաժարականը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։