ԳլխավորԼուր

Բուհը ապաքաղաքական կառույց է, դասադուլներին չի խոչընդոտում, բայց…

Բողոքի ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Արցախի

Usanogh.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր, և այդ շրջանակում հայաստանյան մի շարք բուհերում դասադուլ է սկսվել:

Usanogh.am-ը զրուցեց այլ բուհերի ներկայացուցիչների հետ ևս:

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը շեշտեց, որ բողոքի ակցիաներին մասնակցելը ուսանողների ազատ կամքի դրսևորումն է, բայց.

«Բուհը ապաքաղաքական կառույց է, նմանատիպ գործողություններին երբևէ չի խոչընդոտում, որևէ սահմանափակում չկա, բայց նաև պետք է հնարավարինս կարգավորել դասապրոցեսի խաթարման դեպքերը: Չպետք է մոռանալ, որ Բժշկական համալսարանը նաև բուժական հաստատություններ ունի, և դրանց բնականոն գործունեությունը չպետք է խաթարել` հաշվի առնելով, որ մեր ուսանողները ներգրավված են բուժական պրոցեսի մեջ»:

Փոխարենը դասադուլի մասին լուրերը հերքեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով` տեղեկությունները, թե Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են արել, կեղծ են.

«Այսօր քիչ ուսանողներ են եկել դասի, քանի որ փողոցները փակ են եղել: Ծնողները զանգահարում են մեզ, ասում են, որ խուսափում են զավակներին այդ պայմաններում բուհ ուղարկել: Մերոնք պաշտոնապես չեն միացել, դա ինչ-որ մեկի զառանցանքն է: Ես 1-2 օրով արձակուրդի մեջ էի, հատուկ եկա համալսարան, տեսա, որ խաղաղ վիճակ է»:

Իսկ ահա Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը չհերքեց, որ իրենց մոտ դասադուլ կա.

«Առհասարակ, ուսումնական հաստատությունները ՀՀ սահմանադրությամբ, իրավական բոլոր կարգավորումներով քաղաքական գործընթացներից դուրս են: Ինքս երբեք չեմ խոսել քաղաքական իմ դիրքորոշումների մասին, ապաքաղաքականացված եմ եղել: Բայց դրան զուգահեռ յուրաքանչյուր ոք ունի քաղաքական հայացքների իրավունք: Մեր սաները, եթե ցանկանում են մասնակցել անհնազանդության ցույցերին, ես դա չթույլատրելու որևէ իրավունք չունեմ: Դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ