ԳլխավորԼուր

«Դասադուլի նշույլ չկա, գործադուլի` ևս. ինձ Բրյուսովում ջերմ են ընդունել». Դավիթ Գյուրջինյան

Դավիթ Գյուրջինյան

«Հստակ կարող եմ ասել, որ այս պահին բուհում բոլորը դասի են, դասադուլի նշույլ չկա, իսկ գործադուլ չի էլ եղել: Ինձ բավական ջերմ են ընդունել»,-Usanogh.am-ի հետ զրույցում նշեց Վ. Բրյուսովի անվան  պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը` պատասխանելով մեր հարցին, թե այս պահին բուհում ինչ է կատարվում, ինչ մթնոլորտ է տիրում:

Նշենք, որ Լեզվի կոմիտեի արդեն նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանի մուտքը Բրյուսովի անվան համալսարան ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իսկ նոր նշանակման դեմ բրյուսովցիներից էր պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Նորանշանակ ռեկտորի խոսքով` բողոքի ակցիաները դադարել են: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է 16 ուսանողի հետ, մի քանի ժամ զրուցել են և կարծես թե ընդհանուր հայտարարի են եկել։

«Բուհում, իհարկե, կա լարվածություն, բայց դա ներքին անառողջ մթնոլորտի դրսևորում է: Կան խմբավորումներ, որոնք տուժել են այս ընթացքում, կան մարդիկ, որոնք արտոնյալ են եղել… Ես պետք է ամեն բան պարզեմ: Պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ աշխատանքային նորմալ հարաբերությունների մեջ ենք»,-շեշտեց ռեկտորը:

Նա նշեց, որ դեռ ստուգելու է մինչև իր պաշտոնավորումը վերջին շրջանում բուհի ներսում խմորված ինչ-ինչ գործընթացների իրավաչափ լինելը. «Վարչական մեծ փորձ ունեցող, անգամ Ֆրանսիայի կառավարության կողմից շքանշանի արժանացած դեկաններից մեկին, օրինակ, երեք նկատողություն են տվել և հեռացրել աշխատանքից: Պետք է պարզել` դա արվել է այլախոհության հողի վրա, թե ոչ: Հնարավոր է` բանը դատարանին չհասնի, չեմ կարող ասել»:

Հարցին, թե արդյոք արդեն պարզ է, թե ով է լինելու Լեզվի կոմիտեի նոր նախագահը, Դավիթ Գյուրջինյանը պատասխանեց, որ ոչ. «Դեռ չկա որոշում, այս պահին այդ լիազորությունը կատարում է Գևորգ Հակոբյանը»:

Հիշեցնենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։ Նույն օրը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գյուրջինյանին ներկայացրեց բուհի աշխատակազմին։

Վ. Բրյուսովի անվան համալասարանում դեռևս նախորդ տարվա  հոկտեմբերից դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ԿԳՄՍՆ  այն նախաձեռնությունից հետո, ըստ որի՝  բուհը պետք է միավորվեր Մանկավարժական համալսարանին և Ֆիզկուլտինստիտուտին: Բողոքի ակցիաներից հետո  միավորման հարցն առկախվեց: Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին էլ  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց` հաղթելով Դավիթ Գյուրջինյանին:

Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։

Արդեն այս տարվա հունվարի 31-ին  հայտնի դարձավ, որ համալսարանի ռեկտորի լիազորությունները ժամանակավորապես կկատարի պրոռեկտորը։