ԳլխավորԼուր

Տեսուչը ցանկացած ժամի պետք է կարողանա մտնել տնտեսվարողի տարածք․ ԱԱՏՄ-ն կայացման փուլում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն շուրջ 2 տարի Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց դատարանի միջամտության լուծել աշխատանքային վեճերն ու հետամուտ լինել իրենց աշխատանքային իրավունքների վերականգնմանը։ Տեսչական մարմինը 2022 թվականին աշխատանքային իրավունքին առնչվող 454 դիմում է ստացել, որից 368-ի հիմքով վարույթներ են հարուցվել։ Բացի այդ, տեսչական մարմինն իրականացնում է նաև ստուգումներ սեփական նախաձեռնությամբ, անհրաժեշտության դեպքում՝ կազմում արձանագրություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ տուգանք սահմանում։

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է 2021 թվականին ԱԱՏՄ գործունեությունը՝ նպատակ ունենալով գնահատել տեսչության կայացվածության մակարդակը, վեր հանել խնդիրները, համեմատելով աշխարհի փորձի և միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ՝ ներկայացնել առաջարկներ՝ տեսչության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Տեսչության կայացվածությունը գնահատվել է 5 չափանիշներով։

«Մինչև 30 տոկոս գնահատումը չենք համարել զրոյական։ 3 փուլ ենք նախանշել՝ կայացման փուլ, գործում է ոչ լիարժեք, գործում է լիարժեք։ Կայացման փուլը գտնվում է 30-49, գործում է ոչ լիարժեք՝ 49-79-ի միջակայքում, և մյուսը՝ 80-ից մինչև 100՝ լիարժեք»,- նշում է հետազոտության հեղինակ, ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։ Ընդհանուր առմամբ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում գործունեության կայացածության մակարդակը գնահատվել է 38 տոկոսային բալային միավոր։

Այսպիսով՝ տեսչական մարմինը նշված չափորոշիչներով գտնվում է կայացման փուլում։ Հետազոտության ընթացքում արձանագրվել են տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ մի շարք խնդիրներ․ օրինակ՝ տեսչական մարմնի ղեկավար կազմը զբաղեցնում է վարչական պաշտոններ, ինչը որոշակի հակասություն է առաջացնում Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիայի պահանջների հետ։ Կոնվենցիան նախատեսում է, որ տեսչական մարմնի աշխատակազմը պետք է ունենա կայունություն և անկախություն, ինչպես նաև արտաքին ազդեցությունից պաշտպանվածություն ու երաշխավորություն։

«Տեսչության աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, օրենքը պարունակում է նրանց կարողությունների զարգացումը, անկախությունը, սակայն  խոսքը վերաբերում է վարչական պաշտոն ղեկավար կազմին, որտեղ այս սկզբունքները չեն աշխատում, և ուղղակի հենց Կոնվենցիայի պահանջը հակասության մեջ է Քաղծառայության մասին օրենքի դրույթներին»,- նշում է ԹԻՀԿ ներկայացուցիչը։ Հետազոտության հեղինակներն արձանագրված խնդիրները քննարկել են Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ոլորտին առնչվող պետական այլ գերատեսչությունների հետ։ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը համակարծիք է հետազոտության հեղինակի հետ։ Նրա խոսքով՝ այս խնդիրը վերաբերում է բոլոր տեսչական մարմիններին։

Մանրամասները՝ տեսանյութում։