ԳլխավորԼուր

Երիտասարդության համաշխարհային օրն է

Երիտասարդության օր

Երիտասարդության համաշխարհային օրը (World Youth Day, WYD) ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին։

Տոնը սահմանվել է ի պատիվ Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Democratic Youth, WFDY, WFDM), որը հիմնադրվել է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) Երիտասարդության համաշխարհային համաժողովում (1945 թվականի հոկտեմբերի 29 -նոյեմբերի 10)։ Այն գումարվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար։

WFDY-ի ստեղծմանը հաջորդեց 1946-ի օգոստոսին Պրահայում (Չեխոսլովակիա, այժմ Չեխիա) Ուսանողների միջազգային միության (International Union of Students, IUS) ստեղծումը:

Նոր միջազգային կազմակերպության նպատակն էր նպաստել երիտասարդների փոխըմբռնմանը և համագործակցությանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում, պայքարել սոցիալական, ազգային և ռասայական ճնշումների, ժողովուրդների խաղաղության և անվտանգության, երիտասարդության իրավունքների համար:

Ֆեդերացիան առաջին անգամ միջազգային մասշտաբով համախմբեց երիտասարդներին՝ առանց տարբերելու քաղաքական և կրոնական հայացքները, ռասայական և ազգային պատկանելությունը և սոցիալական դիրքը ՝ ի պաշտպանություն խաղաղության, նրանց իրավունքների և ժողովուրդների անկախության:

Իր ծաղկման շրջանում Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան իր կազմում միավորել է ավելի քան 100 միլիոն տղաների և աղջիկների 115 երկրների 250 երիտասարդական կազմակերպություններից:

ՄԱԿ-ի գնահատմամբ, ներկայումս աշխարհում կա 1,2 միլիարդ երիտասարդ (15-24 տարեկան). դա աշխարհի բնակչության 16%-ն է (Հայաստանում նախագիծ է շրջանառվում, որը առաջարկում երիտասարդ համարել 13-35 տարեկաններին-խմբ.)։ ՄԱԿ-ը կարծում է, որ երիտասարդությունը կարող է կարևոր դեր ունենալ զարգացման ոլորտում, եթե նրան տրամադրվեն գիտելիքներ և հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իր ներուժն իրականացնելու համար:

WFDM – ի կողմից անցկացվող ամենահայտնի միջոցառումը Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնն է (World Festival of Youth and Students):

Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել 1947 թվականին Պրահայում (Չեխոսլովակիա, այժմ ՝ Չեխիա) և հավաքել է 17 հազար մասնակից աշխարհի 71 երկրներից։ Ընդհանուր առմամբ 19 փառատոն է անցկացվել աշխարհի տարբեր երկրներում ՝ Հունգարիայում (1949), Գերմանիայում (1951, 1973), Ռումինիայում (1953), Լեհաստանում (1955), Ռուսաստանում (1957, 1985, 2017), Ավստրիայում (1959), Ֆինլանդիայում (1962), Բուլղարիայում (1968), Կուբայում (1978, 1997), ԿԺԴՀ-ում (1989), Ալժիրում (2001), Վենեսուելայում (2005), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2010), Էկվադորում (2013)։

Հավելենք, որ Երիտասարդության համաշխարհային օրը կապ չունի Երիտասարդության միջազգային օրվա հետ. վերջինս հիմնվել է ՄԱԿ-ի կողմից ու նշվում է 2000 թվականից, օգոստոսի 12-ին։