ԳլխավորԼուր

Ո՞ր գրքերն են ամենապահանջվածը եղել Հայաստանի գրադարաններում փետրվարին

Գրքեր՝ Ազգային գրադարանում

Փետրվարի ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի ցուցակում 113 գիրք կա, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։ Ամենաընթերցված հեղինակը, ինչպես շատ հաճախ, Ագաթա Քրիստին է՝ 13 գրքով։ Նրան հետևում են Վարդգես Պետրոսյանը՝ 4 գրքով և Էրիխ Մարիա Ռեմարկն ու Գոհար Նավասարդյանը՝ 3-ական գրքով:

Թոփ տասնյակներում առաջին անգամ հայտնվել են ժամանակակից բելգիացի գրող Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», արձակագիր, գրականագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանի Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումների ու շփումների մասին «Հրանտ» հուշապատում-վիպակը, Կոստան Զարյանի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և հայդուկային շարժումը փառաբանող «Տատրագոմի հարսը» պոեմը, Ջենգիզ Էրջյումենթի «Կլառնետահարը» վեպերը:

Ամիսներ շարունակ ամենամեծ պահանջարկ վայելող գրքերի ցուցակներում հատուկենտ բանաստեղծական գրքեր են հայտնվում: Այս առումով փետրվարը բացառիկ է: Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Կոստան Զարյանի և Պարույր Սևակի բանաստեղծությունները, պոեմները և քառյակները, Անահիտ Սարգսյանի «Փշրված երազներ», Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուները, Հովհաննես Շիրազի «Դանթեականը» ընդգրկվել են գրադարանների ամենից շատ ընթերցվող գրքերի ցուցակներում:

Ամենաշատ պահանջարկված հեղինակների և գրքերի առաջատար եռյակն անփոփոխ է։ Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին հարցմանը մասնակից գրադարաններում ամենից շատ շրջանառվել են Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Քաոս» և Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ» վեպերը։

Հարցման մեկնարկից ի վեր (հունվար 2023) առաջին անգամ հանրապետության մարզային գրադարանների և Երևան քաղաքի միացյալ թոփ տասնյակում միայն մեկ արտասահմանյան հեղինակի գիրք կա՝ Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews