Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների ամենապահանջված գեղարվեստական գրքերի սեպտեմբերյան տասնյակի առաջատար երեք հեղինակներն են հայ դասական գրող և դրամատուրգ Լևոն Շանթն իր 1912 թ-ին տպագրված «Հին աստվածներ» դրամայով, ժամանակակից միստիկ-թրիլլերային ժանրի գրող Ռուբեն Եսայանը «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքով և փաստագրական հենքով վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը»։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։
«Հատկանշական է, որ Ռուբեն Եսայանը և Աշոտ Աղաբաբյանը տասնյակում տեղ են զբաղեցրել երկուական գրքով։ Համաձայն հարցմանը մասնակից գրադարաններից ստացված վիճակագրության ամենաընթերցվող հեղինակներից են նաև գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան, կոլումբիացի վիպագիր Մարկեսը, Դերենիկ Դեմիրճյանը, ժամանակակից ռուսաստանաբնակ գրող Մարկ Արենը և անգլիացի գրող Ուիլյամ Գոլդինգը։
Սեպտեմբերին գրադարաններում սպասարկված գրքերի տացքը բավական հավասարակշռված է։ Ուսումնական տարին նոր է սկսվել և դպրոցական և բուհական պարտադիր ընթերցանության ծրագրի ազդեցությունը դեռ թույլ է արտահայտված։ Նկատելի է, որ նվազել է Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերի ընթերցանությունը։ Նաև նոր անուններ են ի հայտ եկել։ Առաջատար տասնյակի հեղինակներին կրնկակոխ հետևում են Ռաֆայել Մարգարյանը, ռուս վաղամեռիկ գրող Աննա Ջեյնը (իսկական անունը՝ Աննա Պոտապկինա), բրիտանացի ժամանակակից գրող Քրիս Յուանը և ուրիշներ։
Հայաստանի մարզերի գրքային քարտեզը ներկայացնում է տվյալ ամսին մարզային գրադարանում ամենաշատ սպասարկված գրքերի շապիկները, որը հար և նման է ամսվա համադրված տվյալներին։ Աշոտ Աղաբաբյանը «նվաճել» է Արագածոտնի և Գեղարքունիքի ընթերցասերների սրտերը, իսկ Արարատի և Տավուշի մարզերը ծածանում են Ռուբեն Եսայանի գրքերի շապիկները։ Երևանում ամենաշատ սպասարկվել է գերմանալեզու նշանավոր գրող Ֆրանց Կաֆկայի «Կերպափոխություն» վեպը»,-նշված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ ներկայացված են սեպտեմբերի ամենաընթերցված գեղարվեստական գրքերը Հայաստանի ազգային գրադարանում
Ուիլյամ Սարոյան – «Թրեյսիի վագրը»
Կարճ, բայց խորքային պատմություն՝ մարդու բնավորության, ազատության և բարության մասին։
Մարկ Արեն – «Քառյակը»
Ժամանակակից հայ գրականության հայտնի հեղինակներից մեկի հոգեբանական վեպը՝ լի մարդկային հարաբերությունների և արժեքների բախումներով։
Էլիֆ Շաֆաք – «Ստամբուլի բիճը»
Սիրո, ցավի և հիշողության մասին պատմություն՝ հարուստ մշակութային շերտերով։
Վիլյամ Սարոյան – «Հայրիկ, դու խենթ ես»
Սարոյանի ամենահոգեբանական գործերից մեկը՝ մանկական հիշողությունների և կյանքի ուրախությունների մասին։
Ջ.Դ. Սելինջեր – «Փրկիչը տարեկանի արտում»
Ամերիկյան դասական՝ երիտասարդության, ինքնության և անկեղծության մասին։
Գուրգեն Խանջյան – «Համբերություն քեզ, մա՛րդ»
Ժամանակակից հայ արձակի կարևորագույն գրքերից՝ կյանքի, բարության և հումանիզմի մասին։
Եղիշե Չարենց – «Գիրք ճանապարհի»
Հայ գրականության ոսկե էջերից՝ բանաստեղծական խորը ինքնախոստովանություն և գաղափարական որոնում։
Գուզել Յախինա – «Զուլեյխա. Զուլեյխան բացում է աչքերը»
Տարագրության, տոկունության և վերածննդի պատմություն՝ մեծ արձագանք գտած ժամանակակից վեպ։
Հովիկ Աֆյան – «Միս ուտողները»
Արձակի յուրօրինակ ժողովածու՝ մութ հումորով, մարդկային բնույթի կտրուկ ու անկեղծ արտացոլմամբ։
Հերման Մելվիլ – «Մոբի Դիք»
Համաշխարհային դասական՝ մարդու անզիջում պայքարի և խենթ մտքի խորհրդանիշ։



