Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Համերգ երախտիքի». նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակիցներին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։

Ս․ թ․ դեկտեմբերի 22-ին, ժամը 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական համերգը՝  նվիրված Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին, զոհված և վիրավորում ստացած հերոսներին։

Համերգը երախտիքի և խոնարհման տուրք է հայ զինվորին։

Հանգանակության համար սահմանված են՝ 5․000 դրամ, 10․000 դրամ, 20․000 դրամ, 50․000 դրամ և 100․000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Իսկ համերգի հանդիսատեսները կլինեն մարտական գործողություններին մասնակցած ուսանողները։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։

Հանգանակությունը սկսվում է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։

Համերգին մասնակցում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, դասախոսները և ՀԱՖՆ երաժիշտներ։

Ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորների և համաշխարհային դասականների կամերային ստեղծագործություններ (մենանվագներ, դուետներ, տրիոներ):

Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ (կամավոր և  ժամկետային զինծառայողներ) մասնակցեցին մարտերին։ Պատերազմի ընթացքում կոնսերվատորիայի 3 ուսանող արիաբար զոհվեցին ռազմաճակատում, 7-ը՝ ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։

Comment here