ԳլխավորԼուր

ՀՊՄՀ ուսանող Սյուզաննա Մկրտչյանը՝ «Աֆրոդիտեի ձայն-2023»-ի հաղթող

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երաժշտական կրթության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Սյուզաննա Մկրտչյանը «Աֆրոդիտեի ձայն-2023» երաժշտության և պարի միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Մրցույթը կազմակերպվել է Կիպրոսում, որին առցանց ձևաչափով մասնակցել են աշխարհի 15 երկրից երաժիշտ-կատարողներ և պարային խմբեր։ «Դաշնամուր» անվանակարգում Հայաստանի ներկայացուցիչը Սյուզաննա Մկրտչյանն էր, որը մրցույթին էր ներկայացրել իր կատարումների տեսագրությունները՝ Էդվարդ Աբրահամյանի և Էռնեստո Լեկուոնայի ստեղծագործություններից։

50 դաշնակահարից եզրափակիչ փուլ է անցել 7 մասնակից․ Սյուզաննա Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի։ Ի դեպ, հաղթանակը ՀՊՄՀ ուսանողուհու համար կրկնակի ձեռքբերում էր․ Մալթայի դաշնակահարների մրցույթի տնօրեն Միլիկա Լավրենսը, որը նաև ժյուրիի անդամ էր, Սյուզաննա Մկրտչյանին հրավիրել է մասնակցելու «Malta piano international competition — 2023» մրցույթին։

Սյուզաննա ՄկրտչյանAspu.am-ի հետ զրույցում Սյուզաննա Մկրտչյանը խոստովանում է՝ այս հաղթանակն առավել քան անսպասելի էր, քանի որ միջազգային մրցույթին մասնակցում էին պրոֆեսիոնալ և փորձառու երաժիշտ-կատարողներ։ «Մշտապես հետևում եմ մրցույթներին, փորձում լինել տեղեկացված։ Մասնակցությունն ինձ համար մեծ փորձառություն է, հաղթանակը՝ կրկնակի կարևոր և մոտիվացնող»,-նշեց ուսանողուհին և հավելեց, որ իր մասնագիտական հաջողությունների ճանապարհին մեծ դեր ունի իր ղեկավարը՝ պրոֆեսոր Տիգրան Ալավերդյանը։

Նշենք, որ Սյուզաննա Մկրտչյանը վերջերս Շարմ էլ Շեյխ քաղաքում անցկացված «Կարմիրծովյան աստղ-2023» միջազգային մրցույթում նույնպես արժանացել էր 1-ին մրցանակի։