Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի հոգեբան Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գրքից։
***
Պատկերացրեք, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից։ Վաղնջական ժամանակներում մարսեցիները մի օր իրենց հեռադիտակով շատ անսպասելիորեն հայտնաբերում են վեներուհիներին։ Նրանց ուղղված ընդամենը մի հայացքից մարսեցիների մոտ իրենց մինչ այդ անհայտ զգացողություններ են գլուխ բարձրացնում։ Նրանք սիրահարվում են, ինչի արդյունքում շատ արագ տիեզերանավ են հայտնագործում ու թռչում Վեներա։
Վեներուհիները մարսեցիներին ընդունում են գրկաբաց։ Նրանք մինչ այդ էլ միշտ կանխազգացել էին, որ այս օրը գալու է։ Այսպիսով, նրանց սիրտը լայնորեն բացվում է սիրո առաջ, որի մասին վեներուհիները նախկինում երբեւէ չէին իմացել։
Վեներուհիների ու մարսեցիների միջեւ ծնունդ առած սերն իսկական կախարդանք էր։ Նրանց մեծ հաճույք էր պատճառում միմյանց ներկայությունը, նրանք մեծ սիրով կիսում էին իրենց կենցաղն ու ունեցածը։ Լինելով տարբեր աշխարհներից՝ նրանք հիանում էին իրենց միջեւ եղած տարբերություններով. ամիսներ շարունակ ուսումնասիրում ու նոր բացահայտումներ էին անում միմյանց մասին՝ գնահատելով մեկը մյուսի կարիքները, նախասիրություններն ու վարքագծերը։ Այդպես նրանք երկար տարիներ ապրում են ներդաշնակությամբ ու սիրով։
Մի օր էլ մարսեցիներն ու վեներուհիները որոշում են թռչել Երկիր։ Սկզբում ամեն բան հրաշալի էր ու գեղեցիկ։ Բայց շուտով Երկրի մթնոլորտը սկսում է որոշակի ազդեցություն թողնել նրանց վրա, ու մի առավոտ էլ բոլորն արթնանում են հիշողության հատուկ տեսակի խանգարումներով։
Թե մարսեցիները, թե վեներուհիները մոռանում են, որ իրենք տարբեր մոլորակներից են, ու ենթադրվում է, որ պետք է տարբեր լինեն։ Այն ամենը, ինչ բացահայտել էին իրենց միջեւ եղած տարբերությունների մասին, ընդամենը մեկ օրում ջնջվում է նրանց հիշողություններից, եւ այդ օրվանից սկսած՝ տղամարդիկ ու կանայք մշտական հակասությունների մեջ են։
***
Վեներուհիների համար շփումն առաջնային նշանակություն ունի։ Նրանց դեպքում անձնական զգացմունքներով կիսվելը շատ ավելի կարեւոր է, քան որեւէ հաջողություն գրանցելը կամ նպատակներին հասնելը։ Զրուցելն ու միմյանց հետ շփվելը բավարարվածության հսկայական աղբյուր է նրանց համար։ Տղամարդու համար դժվար է նման բան պատկերացնել։ Նա կարող է միայն մասնակի հասկանալ այն զգացողությունները, որ ունենում է կինը, երբ որեւէ մեկի հետ կիսվում է իր զգացմունքներով կամ շփվում է մյուս կանանց հետ՝ համեմատելով դրանք բավարարվածության այն զգացման հետ, որ ինքն է ունենում, երբ հաղթում է մրցաշարում, հասնում է իր առջեւ դրված նպատակին կամ որեւէ խնդիր է լուծում։
Որեւէ նպատակի վրա կենտրոնանալու փոխարեն կանայք կենտրոնանում են հարաբերությունների վրա, նրանք ավելի շատ շահագրգռված են ցուցաբերել բարություն, սեր ու հոգատարություն։ Երկու մարսեցի գնում են ճաշելու, որպեսզի քննարկեն որեւէ նախագիծ կամ բիզնես նպատակ. նրանք խնդիր ունեն լուծելու։
Բացի այդ, մարսեցիների համար ռեստորան գնալը քաղցը հագեցնելու արդյունավետ միջոց է. ոչ գնումներ կատարելու անհրաժեշտություն է լինում, ոչ պատրաստելու, ոչ էլ ամանները լվանալու։ Վեներուհիների համար ճաշի գնալը հարաբերություններն ամրապնդելու, ընկերոջն աջակցելու եւ միաժամանակ նրանից աջակցություն ստանալու հնարավորություն է։ Կանանց ռեստորանային զրույցը կարող է լինել շատ բաց ու մտերմիկ, գրեթե այն երկխոսության նման, որ տեղի է ունենում հոգեթերապեւտի ու հաճախորդի միջեւ։
Վեներայի վրա բոլորը հոգեբանություն են ուսումնասիրում ու առնվազն խորհրդատվության մագիստրոսի կոչում ունեն։ Նրանք տարված են անձնական աճով, հոգեւորությամբ ու այն ամենով, ինչը կարող է նպաստել կյանքի որակի բարելավմանը, հոգեւոր առողջությանն ու անձնական աճին։ Վեներան լիքն է զբոսայգիներով, օրգանական պարտեզներով, առեւտրի կենտրոններով ու ռեստորաններով։
Վեներուհիները հրաշալի ինտուիցիա ունեն։ Նրանք զարգացրել են իրենց այս ունակությունը՝ դարեր շարունակ կանխագուշակելով այլոց կարիքները։ Նրանք հպարտ են, որ կարողանում են ուշադիր լինել մարդկանց կարիքների ու զգացմունքների նկատմամբ։ Մեկ այլ վեներաբնակի, մինչեւ նրա խնդրելը, օգնություն ու աջակցություն առաջարկելը մեծ սիրո նշան է։
Քանի որ վեներուհու համար իր կոմպետենտությունն ապացուցելը բացարձակ կարեւոր չէ, հետեւաբար օգնություն առաջարկելու մեջ ոչ մի վիրավորական բան չկա, եւ աջակցության կարիք ունենալն էլ թուլության նշան չէ։ Մինչդեռ դա կարող է վիրավորական լինել տղամարդու համար, քանի որ երբ կինը խորհուրդ է տալիս, տղամարդը կարծում է, թե նա կասկածում է, որ ինքն ունակ է այդ խնդրին անձամբ լուծում տալ։
Կինը տղամարդկային բնավորության այս զգայուն գծի մասին պատկերացում անգամ չունի, քանի որ կարծում է, որ երբ ինչ-որ մեկն իրեն օգնություն է առաջարկում, նշանակում է՝ ինքը եւս մեկ քայլով մոտենում է իր նպատակին։ Դա նրա մոտ առաջացնում է այնպիսի զգացողություն, որ իրեն սիրում են ու հոգ են տանում իր մասին։ Բայց երբ տղամարդուն են օգնություն առաջարկում, դա նրան կարող է ստիպել իրեն անկարող ու թույլ զգալ եւ նույնիսկ մտածել, որ իրեն չեն սիրում։
Վեներայի վրա խորհուրդներ տալն ու օգնություն առաջարկելը հոգատարության նշան են։ Վեներուհիները հստակ համոզված են, որ եթե ինչ-որ բան աշխատում է, ուրեմն այն կարող է էլ ավելի լավ աշխատել։ Ամեն բան բարելավելու ցանկությունը նրանց էությունն է։ Երբ նրանք սիրում են մեկին, առանց կաշկանդվելու մատնանշում են, թե ինչը կարելի է բարելավել նրանց կյանքում, առօրյայում ու դրա համար տարբերակներ են առաջարկում։ Խորհուրդ տալն ու կառուցողական քննադատությունը սիրո դրսեւորում են։
Մարսի վրա ամեն ինչ բոլորովին այլ է։ Մարսեցիները ավելի կենտրոնացած են լուծումներ գտնելու վրա։ Նրանց մեջ բնազդային մակարդակում նստած է այն համոզմունքը, որ եթե մի բան աշխատում է, պետք չէ ձեռք տալ դրան, փորձել փոխել ինչ-որ բան, ուղղակի պետք է հանգիստ թողնել։ Նրանց կարգախոսն է. «Քանի դեռ չի փչացել, մի նորոգիր»։
Երբ կինը փորձում է կատարելագործել տղամարդուն, վերջինիս մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, ասես նա փորձում է իրեն «նորոգել»։ Դրանով տղամարդը ստանում է ազդանշան, որ ինքը փչացել է։ Կինը չի գիտակցում, որ նրան օգնելու իր հոգատար փորձերը կարող են իրականում վիրավորական լինել։ Նա թյուրիմացաբար մտածում է, որ պարզապես օգնում է իր կողակցին աճել։
***
Ընդհանուր առմամբ, երբ կինն անտեղի խորհուրդ է տալիս կամ փորձում է «օգնել» տղամարդուն, նա գաղափար անգամ չունի, որ նա իր խոսքերը կարող է ընկալել որպես քննադատություն ու իր հանդեպ անվստահություն։ Թեեւ կինը փորձում է դրանով արտահայտել իր սերն ու ուշադրությունը, բայց իրականում նրա խորհուրդներն ու առաջարկությունները վիրավորում են տղամարդուն։ Վերջինիս արձագանքը կարող է շատ կտրուկ լինել, հատկապես, եթե մանկության տարիներին նրան շարունակ քննադատել են, կամ նա տեսել է, թե ինչպես է մայրն անդադար քննադատում իր հորը։
Բազմաթիվ տղամարդկանց համար շատ կարեւոր է ապացուցել, որ իրենք կարող են հասնել իրենց նպատակին, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է այնպիսի մանրուքի, ինչպիսին որեւէ ռեստորան կամ խնջույքի գնալն է։ Տարօրինակ է, բայց նա կարող է շատ ավելի զգայուն լինել ավելի փոքր երեւույթների նկատմամբ, քան մեծերի։ Նա տրամաբանում է այսպես. «Եթե նա ինձ չի վստահում իրեն ավտոմեքենայով որեւէ տեղ հասցնելու հարցում, ինչպե՞ս կարող է ավելի կարեւոր ու լուրջ հարցերում վստահել»։
Ճիշտ իրենց մարսեցի նախնիների նմանությամբ՝ տղամարդիկ հպարտանում են իրենց ունակություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեխանիկական սարքերի վերանորոգմանը, որեւէ տեղ հասնելուն կամ խնդիրներ լուծելուն։ Սրանք այն դեպքերն են, երբ նա ամենաշատն ունի կնոջ ջերմ վերաբերմունքի եւ ոչ թե խորհրդի կամ քննադատության կարիքը։
Ճիշտ նույն կերպ, եթե տղամարդը չի հասկանում, թե ինչով է իրենից տարբերվում կինը, կարող է նրան օգնության ձեռք մեկնելիս ամեն ինչ ավելի փչացնել։ Տղամարդիկ պետք է հիշեն, որ կանայք իրենց խնդիրների մասին խոսում են նրանց հետ ավելի մտերմանալու եւ ոչ թ պարտադիր լուծումներ գտնելու համար։
Հաճախ կինը պարզապես ուզում է կիսվել օրվա մասին իր զգացողություններով, մինչդեռ ամուսինը, մտածելով, որ դրանով օգնում է կնոջը, ընդհատում է նրան՝ խնդրի լուծման տարբերակներ տեղալով նրա գլխին։ Իսկ հետո զարմանում է, թե ինչու է կինը դժգոհ մնում իրենից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



