ԳլխավորԼուր

Կրթական ծրագիրը  ռեալիստական չէ, տեղ-տեղ նման է բաժակաճառի. փորձագետ

Դասասենյակ

«Ծրագիրը լավն է, բայց չի պարունակում հիմնավորումներ, և այնտեղ չկա ֆինանսական միջոցների բաշխվածության ներկայացում` ըստ տարիների: Կարճ ասած` այն ռեալիստական չէ, տեղ-տեղ նման է բաժակաճառի»,-Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի մասին:

Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների պլանը»:  Ներկայացված նախագծով, ըստ էության, վերջնական փուլ է բացվում կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում։

Ատոմ Մխիթարյանի խոսքով` երբեմն պարզ չէ` կոնկրետ ովքեր են լինելու այդ ծրագիրն իրականացնողները,  քանի որ, նրա համոզմամբ, մենք համապատասխան կադրեր չունենք. «Մինչ այժմ պետական այս ծրագրի հետ կապված եղել են դրվագային քննարկումներ միայն: Առաջարկում եմ` գոնե մինչև ԱԺ-ի հաստատումը կազմակերպել քննարկումներ շահառու կողմերի հետ, որպեսզի վերջիններս հետագայում զգան պատասխանատվություն` համաձայն այդ փաստաթղթի շարժվելու հարցում: Այլապես կան մի շարք պոտենցիալ շահառուներ, որոնք ասում են` ես  քննարկումներին չեմ մասնակցել, ինչո՞ւ պետք է այդ փաստաթղթին հետևեմ»:

Ռազմավարության ծրագրով նախատեսվում է, օրինակ, գյուղական բնակավայրերում որակյալ դպրոցական և նախադպրոցական կրթություն ունեցող կրթահամալիրների ստեղծումը, որոնց թիվը 2030 թվականին կհասնի 156-ի։  Կրթության փորձագետը նկատում է. «Հայաստանում դպրոցների թիվը դրանից 10 անգամ մեծ է, այսինքն` մինչև 2030-ը  որակյալ դպրոցական և նախադպրոցական կրթություն ունեցող կրթահամալիրներները ընդհանուրի շուրջ 10 տոկոսն են կազմելո՞ւ, մի քիչ քիչ չէ՞»:

Ատոմ Մխիթարյանի խոսքով` որպեսզի ծրագիրը չվերածվի պարզապես բառերի կույտի, տվյալ տարում նախանշված հանձնարարականները չկատարելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա. «Միայն այդ պայմանով կարելի է վերջնական հաստատել օրենքը»-եզրափակում է փորձագետը: