Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, հայտնում են Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից (AAIC)։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ ու ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։
Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձավ համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացան բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։ Հուշարձանի կառուցումն այսօր արդեն համայնքի հավաքական նախաձեռնությունն է։
Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։
Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






