ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն զգուշացնում է՝ հեռախոսով դիմորդները գուցե զրկվեն ամառային քննություններին մասնակցելու իրավունքից

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան

Հունվարի 20-ին մեկնարկող՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից և հնարավոր է՝ զրկվեն ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Երբ հեռախոս ունեցող դիմորդին հեռացնում են քննությունից, տպավորություն է, որ իրենց համար ոչինչ տեղի չի ունեցել, մի բան էլ շնորհակալ են լինում, թողնում- դուրս են գալիս։ Իրենք գիտեն, որ հունիսին նորից իրավունք ունեն մասնակցելու քննությանը, և հունվարին ուղղակի չեն գնահատվի»,–ասաց Նասիբյանը։

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ հունվարին ավելի շատ են հեռախոսներ հայտնաբերում, քանի հունիսին։

Միաժամանակ Նասիբյանը հայտնեց, որ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին կմասնակցի 9672 դիմորդ մոտ 22.000 շրջանավարտից։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում միասնական քննություններին մասնակցել է 11 800 դիմորդ։

Միասնական քննությունների համար նախապատրաստել են 43 քննական կենտրոններ, որոնք տեղակայված կլինեն Երևանում և մարզկենտրոններում։

Առաջին փուլին մասնակցողները՝ հունվար ամսին քննություն տվողներն ընտրում են միայն քննական առարկաները։ Մասնագիտություններն ընտրում են հունիսին։

Առաջին փուլում ամենաշատ դիմորդները «Անգլերեն» առարկայից են՝ 5045, «Մաթեմատիկա»-ից՝ 4198, «Հայոց լեզու և գրականություն»՝ 3242։ Ամենից քիչ դիմորդներն «Աշխարհագրություն»-ից են՝ 56, «Ֆրանսերեն»-ից՝ 32, «Գերմաներեն»-ից՝ 30, «Իսպաներեն»-ից՝ 1։

Հետևեք մեզ նաև Telegram-ում https://t.me/usanoghmedia