ԳլխավորԼուր

Մեկնարկում են պետական ավարտական քննությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,

2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ.,

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,

4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,

5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:

12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: