ԳլխավորԼուր

Մահացել է Սերգո Երիցյանը

Սերգո Երիցյան

Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, տեղեկացնում է «Օրեր» պարբերականը։

«Վերջին տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Երեւանում սկսված, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում շարունակված բուժման ընթացքը, ցավոք, իր դրական արդյունքը չտվեց։ 66 տարեկանը երկու շաբաթ առաջ դիմավորած մեր ավագ ընկերը մինչեւ վերջին շունչը պայքարեց անողոք հիվանդության դեմ՝ այն հաղթահարելու լիահույս վստահությամբ, բայց թերեւս կրեց իր կյանքի գլխավոր պարտությունը։

Այլապես, ողջ կյանքի ընթացքում մնաց իր գրչին, իր սկզբունքներին հավատարիմ, ծառայեց հայոց պետականությանը, հայ լրագրությանն ու գրականությանը, հարստացնելով բազմաթիվ հետազոտություններով, գրական արժեքավոր հրատարակություններով, ֆիլմերով, պատմական նշանակություն ունեցող ռեպորտաժներով ու հեռուստատեսության եւ մամուլի տեսությանը նվիրված մենագրություններով։ Եվ ամենակարեւորը մնաց իր ընտանիքի, իր ընկերների, իր ուսանողների կողմից սիրված եւ հարգված Մարդ։

Մեր վերջին հեռակա հարցազրույցը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ հարցերին պատասխանեց գրավոր, քանի որ դժվարանում էր խոսել։ Բայց նույնիսկ այդ ծանր վիճակում շարունակում էր աշխատել, սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրել եւ հրապարակել «Կարծիք» հաղորդաշարի իր նախկին հաղորդումները։

Սերգո Երիցյանի աշխատասիրությունը չափ ու սահման չուներ։ Մինչեւ վերջին շունչը նա աշխատեց ու մոմի պես հալվեց՝ բացելով երկնային կյանքի դուռը։

Այս ծանր պահին մեր ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի նվիրյալ կնոջը՝ Կարինեին, դստերը՝ Սոնային եւ որդուն՝ Սարգիսին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին։ Աստված նրա հոգին լուսավորի»,-նշված է գրառման մեջ։