ԳլխավորԼուր

Հայտնի են՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը «Սլավյանսկի բազար — 2023»-ում

Սյուզաննա Մելքոնյանն ու Անահիտ Գալստյանը

Մարտի 25-ին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար — 2023» (Славянский базар) ամենամյա մանկական կատարողների երաժշտական մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։

Երկու տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 6 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։

8-14 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց եւ այս տարի «Սլավյանսկի բազար — 2023» 22-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային  մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով ժյուրիին ներկայացավ նախ Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով։

Իսկ «Սլավյանսկի բազար — 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Հավելենք, որ «Славянский базар» երգի մրցույթը անցկացվում է 1992 թվականից՝ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ Այս տարի այն կանցկացվի հուլիսի 12-ից հուլիսի 17-ը։

Լուսանկարը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի