ԳլխավորԼուր

Ինչո՞ւ են ՍՈւ-30 գերժամանակակից ինքնաթիռները պտտվում Երևանի երկնքում (տեսանյութ)

Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լինելու է օդային շքերթ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով այլ միջացառումներ չեն նախատեսվում, լինելու է օդային շքերթ, և այսօր իրականացվում են նախապատրաստական թռիչքներ։ Օդային շքերթը կազմակերպվում է հայ և ռուս օդաչուների մասնակցությամբ»,- ասել է Ստեփանյանը։

ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ դեռ չի կարող ասել, թե հայկական կողմից քանի ինքնաթիռներ ներգրավված կլինեն, դա կախված է մի շարք հանգամանքներից։

Ավելի վաղ, Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ ներգրավված են լինելու մայիսի 9-ի օդային շքերթին մասնակցելու համար։

Comment here