ԳլխավորԽճանկարՀայաստանս

«Ամենալավը հաղթելն է». Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (1963, 1966) Տիգրան Պետրոսյանի (17.06.1929-13.08.1984) ծննդյան օրն է։ Նրան «Երկաթե Տիգրան»էին կոչում՝ իր անբեկանելի պաշտպանության համար:

Ծնվել է 1929 թ. Թբիլիսիում՝ սպայի տան բակապան Վարդան Պետրոսյանի ընտանիքում։ Վաղ հասակում կորցրել է ծնողներին, մեծացել, դաստիարակվել է ավագ քրոջ՝ Վարդուշի հոգածությամբ: Գումար է վաստակել ինչպես հայրը՝ բակապահությամբ: Շախմատով սկսել է զբաղվել 10-11 տարեկանում՝ հաճախելով Թբիլիսիի պիոներական պալատ՝ դասեր առնելով Արչիլ Էբրալիձեի մոտ:

Նրա շախմատային հայացքների ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արոն Նիմցովիչի «Իմ համակարգը գործնականում» գիրքը եւ Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղը: Առաջին հաջողություններն արձանագրել է համամիութենական պատանեկան առաջնություններում:

Պատանի շախմատիստը 1945 թ. դառնում է Վրաստանի, մեկ տարի անց՝ Հայաստանի չեմպիոն: Սպորտի վարպետի նորման լրացնում է 1947-ին՝ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչում: 1950 թ. տեղափոխվելով Մոսկվա՝ մասնակցում է մայրաքաղաքի առաջնությանը, հասնում է գերազանց արդյունքների՝ 3-րդ տեղ, 1951 եւ 1954 թթ.՝ 1-ին տեղ: 1951-ի միության առաջնությունում ցուցադրում է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) եւ 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճում, որտեղ նույնպես նվաճում է նշյալ տեղերը: Այդ ժամանակից սկսած՝ դառնում է աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից: 1953-ին հավակնորդների մրցաշարում գրավում է 5-րդ տեղը: 1955 թ. միջփնջայինում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը:

1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ իրավունք է ստանում վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը Միխայիլ Բոտվիննիկի հետ: 1963-ին հաղթում է վերջինիս եւ նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը: Հաղթողն ստանում է 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200: Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայաստանի կոմպոզիտորների միությունը շախմատի հայ արքային է նվիրում «ԳԱԶ-21» ավտոմեքենայի բանալիներ, իսկ հայությունը ցնծում էր աշխարհով մեկ։

Անցնելու էր երեք տարի, եւ շախմատի արքան մենամարտելով նոր հավակնորդի՝ Բորիս Սպասսկու հետ, վերահաստատելու էր ուժեղագույնի իր կոչումը: Դա 1966-ին էր: Իսկ 1969 թ. կրկնակի նվաճած իր թագը զիջելու էր նույն ախոյանին:

Հավելենք եւ այն, որ Տիգրան Պետրոսյանը նախկին միության հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում, 8 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններում: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Շվեդիայի, Հարավսլավիայի, այլ երկրների շախմատիստների դեմ: Մասնակցել է 1970 թ. կայացած «դարի մրցախաղին»՝ ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի:

Սահմանել է բազմաթիվ ռեկորդներ՝ միութենական վեց առաջնություն անցկացրել է առանց պարտության, շախմատի տասը համաշխարհային օլիմպիադաներում հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ ոքի, ընդամենը 1 պարտություն: Հիսուն տարեկանում երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի եւ Հյուբների հետ համատեղ):

«Ինչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը,- ինքն իրեն հարցրել է շախմատի արքան եւ ինքն էլ պատասխանել.- ամենալավը հաղթելն է…»:

Ըստ «Արմենպրեսի»

Comment here