ԳլխավորԼուր

ԵԱ. Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը՝ մեդալակիրներ

Վարազդատ Լալայան

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (լուսանկարում):

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ անգամ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը` 240 կգ: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժության ժամանակ երկու հաջող փորձ ունեցավ (202 կգ, 210 կգ)։ Հրում վարժությունում Մինասյանը միայն մեկ հաջող փորձ ունեցավ` 236 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում 6-րդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանն ու Սամվել Գասպարյանը։

Արսեն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: