ԳլխավորԼուր

Մեծ հպարտությամբ եմ բարձրացել պատվո հարթակին. Վարազդատ Լալայան

Վարազդատ Լալայանը «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին:

«Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո, շարունակել ենք մարզվել: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան որ այդ պահին ինձ անհարժեշտ էր՝ կարողացա բարձրացնել»,- ասել է Լալայանը։

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ևս խոսել է զգացողությունների մասին:

Ալեքսանդրա Գրիգորյան

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- խոստովանել է նա:

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, մարզասերներ, մարզիկների բարեկամներն ու ընկերները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելությներին, ընդգծում է՝ Լալայանը դժվարին պայքարում ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. «Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպարտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»: